ՏԻՄpulse խաղի մասնակիցների հանդիպում Մարտունի ինֆոտանը
Դեկտեմբերի 14-ին Մարտունի Ինֆոտանը կայացավ ՏԻՄpulse ինովացիոն խաղի մասնակիցների հետ հերթական հանդիպումը, որի նպատակն էր ամփոփել նախորդ հանձնարարության արդյունքներն ու պլանավորել հետագա քայլերը։

Հանդիպման սկզբում մասնակիցները միմյանց հետ կիսվեցին փորձով, ներկայացրին մանրամասներ իրենց և ավագանու անդամների միջև տեղի ունեցած հանդիպումներից։ Ծրագրին մասնակցող բոլոր թիմերն հաջողությամբ կատարել էին իրենց հանձնարարությունները։

Հանդիպման ընթացքում, ինչպես արվում է սովորաբար, ՏԻՄ կառուցվածքի, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների լիազորությունների, բնակիչների մասնակցային մեխանիզմների վերաբերյալ մասնակիցների գիտելիքներն էլ ավելի ամրապնդելու համար կազմակերպվեց անիմացիոն «Մարդու տեղը» ֆիլմերի շարքից 8-րդ մասի՝ դիտում-քննարկումը, որտեղ մանրամասն ներկայացվում է ավագանու նիստում հարց ընդգրկելու քայլերի հաջորդականությունը։

Ֆիլմը դիտելուց հետո որոշվեց վերջնական հաջողության հասնելու համար ևս մեկ անգամ անդրադառնալ նախորդ հանձնարարությամբ բարձրաձայնած խնդրին, այն է՝ Մարտունի համայնքի Կամոյի և Երևանյան փողոցների խաչմերուկում՝ ավտոկայարանին կից ճանապարհահատվածում, հետիոտնային անցման գծանշանների բացակայությունը, որի պատճառով ստեղծվում է անկանոն երթևեկություն, որն էլ վտանգ է հանդիսանում հետիոտների համար։

Քննարկվեց և որոշվեց, որ ՏԻՄpulse ծրագրի մասնակիցները առաջիկայում կայանալիք ավագանու նիստի ժամանակ վերոնշյալ հարցն օրակարգում ընդգրկելու նպատակով կիրականացնեն «Հետիոտնային անցման գծանշանների առկայությունը՝ բնակչի անվտանգության և կանոնակարգված երթևեկության երաշխիք» խորագիրը կրող նախաձեռնությունը՝ Մարտունի համայնքի բնակիչների մասնակցությամբ ստորագրահավաք կազմակերպելու միջոցով։ Հանդիպման ընթացքում ձևակերպվեց նախաձեռնության հարցը, որին կցվեց նաև անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքելու համար նախատեսված թերթիկները և բաժանվեց խմբերի միջև։

Քանի որ, ըստ պաշտոնական տվյալների, Մարտունի համայնքն ունի 14000 բնակչություն, մասնակիցներին հանձնարարվեց հավաքել 140 և ավել ստորագրություն և ավարտել ստորագրահավաքի գործընթացը ոչ ուշ քան դեկտեմբերի 25-ը։

Երբ պատրաստ կլինի ստորագրահավաքի լրացված պաշտոնաթերթիկը, նախաձեռնության հարցի բովանդակության և նախաձեռնող խմբի անդամների անձնական տվյալների հետ միասին այն կհանձնվի համայնքի ղեկավարին, այնուհետև կներկայացվի ավագանու նիստի ժամանակ։

Խաղը շարունակում է ընթանալ իր բնականոն հունով, և մասնակիցներն այս անգամ ցանկություն էին հայտնում ոչ թե մրցել միմիանց հետ այլ աշխատել միասին՝ ընդհանուր թիմով, համոզված լինելով, որ թիմային աշխատանքի արդյունքում ավելի արագ կհասնեն հաջողության և իրենց համայնքում դրական փոփոխություններ կբերեն։

Մարտունի համայնքում առաջնային կարևորություն ունեցող խնդիր

Մարտունի համայնքի Կամոյի և Երևանյան փողոցների խաչմերուկում՝ ավտոկայարանին կից ճանապարհահատվածում թեև առկա է հետիոտնային անցումը մատնանշող ցուցանակը, սակայն այդ ճանապարհահատվածում բացակայում են հետիոտնային անցման գծանշանները և հետիոտները ճանապարհը հատում են չսահմանված հատվածներով՝ որի պատճառով երթևեկությունը դառնում է անկանոն, ինչն էլ վտանգ է հանդիսանում իրենց իսկ համար։ Վերոնշյալ հատվածով հետիոտներն անընդհատ հատում են ճանապարհը, որովհետև ճանապարհի մի կողմում Երևան գնացող երթուղայինների կայանատեղին է, իսկ մյուս կողմում Մարտունի քաղաքից համայնքներ գնացող ավտոբուսների կայանատեղին։
Հոդվածի հեղինակ՝
Տաթևիկ Հովհաննիսյան
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website