Մոնիթորինգ
Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՏԻՄpulse–խաղի հաշվետվություններին, ինչպես նաև խաղի մեթոդաբանությանն ու գնահատման ինդեքսներին, որոնք մշակվել են փորձագետների կողմից
Վարկանիշային աղյուսակը ձևավորված է 21 նոյեմբերի 2017թ. – 07 մարտի 2019թ.
ժամանակահատվածում տեղի ունեցած ավագանու նիստի արդյունքների հիման վրա
1.գնահատման նկարագրություն
2.գնահատման չափորոշիչներ
3.մեթոդաբանության ձևավորման գործողություններ
4.մեթոդաբանության բյուջե
5.մեթոդաբանության բյուջեի նկարագրություն

Գնահատման նկարագրություն - գնահատման գործընթացն իրենից ներկայացնում է ավագանու նիստերի և նիստերից դուրս ավագանու անդամների կողմից ծավալած հասարակական գործունեության գնահատման մասնագիտացված համակարգ: Համակարգն իրենից ենթադրում է որոշակի չափորոշիչների խումբ, որոնք ընդգրկում են ավագանու ներկայացուցչի գործունեությունը՝ որպես ավագանի, հասարակական դեմք: Ելնելով մինչ այս անցկացված ավագանու նիստերի օրակարգից՝ կարելի է առանձնացնել գնահատման հետևյալ մեթոդաբանությունը. որպես գնահատման առաջնահերթ չափորոշիչ՝ կարելի է առանձնացնել ավագանու անդամների հաճախելիությունը ավագանու նիստերին: Անկախ գործունեության լավ և վատ տեսակից՝ հաճախելիությունը ցուցիչ է, որով կարելի է սահմանել այդ անձի կամ հետաքրքրվածությունը, կամ պատասխանատվությունը, կամ իր ներկայության անհրաժեշտությունը: Ելնելով իր մասնակցությունից՝ կարելի է որոշել նաև հաճախելիության իմաստավոր լինելը կամ ձևական բնույթ կրելը: Այսպիսով, առաջին չափորոշիչն ինքնին հատում է երկրորդին՝ մասնակցայնությանը: Ենթադրվում է, որ մասնակցայնությունը ավագանու նիստերին, որպես որոշումների կայացման հետաքրքրված կողմ, ցույց է տալիս անձի վերաբերմունքը համայնքային խնդիրների լուծման և հասարակական ձայնի բարձրացման գործընթացում: Մասնակցության ընթացքում ավագանու անդամները կարող են ցուցաբերել ակտիվություն և պասիվություն: Պասիվությունը բնորոշվում է ինքնարտահայտման բացակայությամբ, երբ ավագանու անդամների մասնակցությունը ցուցաբերվում է միայն քվեարկության տեսքով: Ակտիվությունը բնորոշվում է ավագանու անդամների նախաձեռնողականությամբ: Նախաձեռնողականությունը ավագանու անդամներիի կողմից առաջադրվող խնդիրն է կամ օրակարգով նախատեսված խնդիրների նկատմամբ ինքնուրույն դատողությունը, առաջարկները և ցանկության առաջնահերթության հստակ ձևակերպումը: Ավագանու անդամների նախաձեռնողականությունը մինչև ավագանու նիստերը կանխորոշվում են իր հանրային հասանելիությամբ: Հանրային հասանելիությունն իրենից ենթադրում է ավագանու անդամների մարդամեջ գալը (խոսքը սոցիալ նորարարական հավաքի մասին չէ =D), հանրության հետ հաշվի նստելը և երկխոսության պատրաստակամությունը: Եթե ավագանու անդամը մերժում է, ընդհատում է, չի լսում և փորձում է խուսափել որևէ տեսակի հաղորդակցությունից համայնքի բնակչի հետ, ապա նա հանրայնորեն հասանելի չէ կամ, թե նույնն է, հասանելի է մասնակիորեն, որն իրենից ենթադրում է ձևական բնույթ: Միևնույն ժամանակ, հանրային հասանելիության արդյունավետությունը/ձևականությունը կարելի է որոշել ավագանու նիստի ընթացքում ցուցաբերած ակտիվությամբ՝ նախաձեռնողականությամբ: Եթե քաղաքացու կողմից արտահայտված հարցը չի բարձրացվում նիստի ընթացքում, ապա հանրային հասանելիության ձևականությունն ակնհայտ է: Վերոնշյալ գործունեությունից զատ, ավագանու անդամը, որպես հանրային դեմք, մասնակցում է մի շարք այլ հանձնաժողովներում, որոնցում իր ընդգրկվածությունը կարող է լինել բազմաբնույթ: Ավագանու անդամի մասնակցությունը հանձնաժողովներում չպետք է կրի ձևական բնույթ կամ ապահովի ներկայության էֆեկտ։ Նման դեպքերում անձի ներկայությունը տեսանելի է ամենուր և ստեղծում է հասարակական խաբկանք՝ իբրև ավագանին հետաքրքրված է համայնքային խնդիրներով: Այս չափորոշիչի օգտավետությունը և չափելիության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է վերոհիշյալ չափորոշիչներով գնահատել ավագանու մասնակցությունը հանձնաժողովներում՝ ներկա գտնվելով այդ հանձնաժողովների նիստերին կամ ընթերցելով դրանց վերաբերյալ արձանագրությունները: Ըստ այդմ, կարելի է ձեռք բերել ավագանու անդամների կերպարի բնութագիրը՝ որպես տվյալ պաշտոնը կրող անձ: Նրա ակտիվությունը համայնքում չպետք է դրսևորվի միայն վերոնշյալ չափորոշիչների կատարմամբ, նա պետք է լինի նախաձեռնող նաև նիստերից դուրս՝ կազմակերպի հանրային միջոցառումներ և լսումներ, ունենա իր ներդրումը ոչ միայն կազմակերպական-ադմինիստրատիվ հատվածում, այլ նաև ֆինանսական և ուրիշ ռեսուրսների ներգրավմամբ:

Այսպիսով՝ ներկայացնում ենք գնահատման համակարգի հետևյալ չափորոշիչները.

Գնահատման չափորոշիչներ՝
  • հաճախելիություն,
  • մասնակցություն,
  • նախաձեռնողականություն,
  • հանրային հասանելիություն,
  • մասնակցություն հանձնաժողովներում,
  • ակտիվություն համայնքներում:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website