ՏԻՄpulse խաղի մասնակիցների նորարարական և այլընտրանքային մոտեցումները
Մարտունի համայնքի մշակույթի զարգացման կոնտեքստում
Մարտի 3-ին Մարտունի Ինֆոտանը կայացավ ՏԻՄpulse ինովացիոն խաղի մասնակիցների հետ հերթական հանդիպումը, որի նպատակն էր քննարկել և Մարտունի համայնքի ավագանու մարտի 7-ին կայանալիք հերթական նիստին ընդառաջ ավագանու անդամներին ներկայացնել նոր նախաձեռնությունը՝ ստանալու համար նրանց աջակցությունը։

Քանի որ նախորդ հանձնարարությամբ բարձրաձայնած, Մարտունի համայնքի Կամոյի և Երևանյան փողոցների խաչմերուկում՝ ավտոկայարանին կից ճանապարհահատվածում, հետիոտնային անցման գծանշանների բացակայություն հարցի շուրջ համայնքապետի, ավագանու անդամների և մասնակիցների միջև տեղի էր ունեցել քննարկում և համայնքապետը խոստացել էր գարնանը քայլեր իրականացնել այդ ուղղությամբ՝ առաջարկելով հարցի լուծման երկու տարբերակ՝ վերգետնյա անցում կառուցել տվյալ հատվածում, կամ հետիոտնային անցումը մատնանշող գծանշումներ կատարել, խաղի մասնակիցները որոշեցին հանդես գալ նոր ու տարբեվող նախաձեռնությամբ։

Այսպիսով՝ ՏԻՄpulse ինովացիոն խաղի մասնակիցները որոշել են Մարտունի քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ անհատների, Մարտունի համայնքի ավագանու անդամների, տարբեր կազմակերպությունների հետ համագործակցելով, նախաձեռնել քայլեր, որոնք կխթանեն քաղաքում, և ոչ միայն, հեծանիվը որպես փոխադրամիջոց ծառայեցնելու մշակույթի ձևավորմանը։

Քայլերը կիրականացվեն գործողությունների հետևյալ հաջորդականությամբ՝
- Պատրաստել հեծանվի յուրօրինակ արձան և տեղադրել այն Մարտունի քաղաքի կենտրոնական ճանապարհի եզրին (տեղադրման վայրը ավելի ճշգրիտ կորոշվի Մարտունու քաղաքապետարանի հետ համաձայնությամբ, երբ արձանը պատրաստ լինի)։

Արձանը պատրաստելու համար նախապես պետք է՝
- Հայտարարել հեծանվի արձանի նախագծի բաց մրցույթ՝ տարածելով այն և՛ օնլայն, և՛ օֆլայն հարթակներում։
- Արձանը պատրաստելու համար անհրաժեշտ գումար հայթայթել՝ գտնել ներդրողների՝
1. Մարտունի համայնքի ավագանու անդամների աջակցությամբ հանդիպումներ կազմակերպելով տարածաշրջանի գործարարների հետ։
2. Գաղափարն իրականացնելու համար գումար ներդնել ցանկացող անհատներ կամ կազմակերպություններ գտնելու նպատակով հայտարարություն տարածելով։
3. Որոշ չափի գումար ունենալուց հետո աջակցության ակնկալիքով Մարտունի համայնքի ղեկավարին դիմելով։
- Անհրաժեշտ գումարը ունենալուց հետո հաղթող նախագծը ներկայացնել պատրաստողին և սկսել իրականացնել այն։
- Արձանի տեղադրման օրը Մարտունու տարածաշրջանում առաջին անգամ կազմակերպել նաև սիրողական հեծանվարշավ-մրցույթ, որի մասնակիցները նախապես կգրանցվեն։ Նախատեսվում է հեծանվարշավ-մրցույթը կազմակերպել կամ Սևանա լճի եզրագծով, կամ Արգիճի սարահարթով։
- Հեծանվարշավի և արձանի տեղադրման օրը հաղթող նախագծի հեղինակը և հեծանվարշավ-մրցույթի հաղթողը կստանան օրվա խորհրդանիշ մրցանակներ (մրցանակների բովանդակային տեսքը դեռ քննարկման փուլում է)։

Հանդիպման օրը մասնակիցների կողմից, պատահականության սկզբունքով որոշվեց նաև միջոցառման օրը՝ այն մայիսի 11-ն է։ Եթե նախաձեռնությունը իրականանա ըստ մտացածի, ապա մայիսի 11-ը կդառնա խորհրդանշական օր և ամեն տարի նույն օրը նախաձեռնության հեղինակները կկազմակերպեն հեծանվարշավ՝ մարդկանց ճանաչելի դարձնելով տարածաշրջանի հայտնի ու անհայտ վայրերը։

Այս նախաձեռնությամբ մասնակիցները նպատակ ունեն ոչ միայն խթանել հեծանվի՝ որպես տրանսպորտային միջոցի մասսայականացմանը, այլ նաև՝
- զարգացնել սիրողական հեծանվային մարզաձևը
- նպաստել հեծանվային զբոսաշրջության զարգացմանը
- խթանել առողջ ապրելակերպն ու առողջ հանգիստը

Հանդիպման ընթացքում քննարկվեց և որոշվեց, որ ՏԻՄpulse ծրագրի մասնակիցները ավագանու առաջիկայում կայանալիք նիստին ընդառաջ իրենց գաղափարը կներկայացնեն ավագանու անդամներին՝ նրանց աջակցությունը ստանալու նպատակով։ Իսկ մարտի 7-ին արդեն մասնակիցները մասնակցելով ավագանու նիստին, ներկայացրել են այն ավագանու անդամներին և Մարտունի համայնքի ղեկավարին։ Համայնքի ղեկավարը և ավագանու անդամները, գաղափարին հավանություն տալով, խոստացել են աջակցել ցանկացած հարցում և առաջարկել արձանի նախագիծն ունենալու դեպքում ներկայացնել-քննարկել այն Մարտունի համայնքի ճարտարապետի հետ, ապա կյանքի կոչել։

Խաղի մասնակիցները իրենց համայնքում դրական փոփոխություններ բերելու մեծ ցանկություն ունեն և սկսել են ավելի հաճախ հանդիպել, քննարկել հետաքրքիր գաղափարներ։
Հոդվածի հեղինակ՝
Տաթևիկ Հովհաննիսյան
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website