Կայացավ ՏԻՄpulse-ի երկրորդ հանդիպումը
Հոկտեմբերի 15-ին Մարտունու Ինֆոտանը կայացավ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում սեպտեմբերի 26-ին մեկնարկած ՏԻՄպուլս մասնակցային խաղի թիմերի հետ երկրորդ հանդիպումը, որի նպատակն էր ամփոփել առաջին հանձնարարության արդյունքներն ու պլանավորել հետագա քայլերը։

Հանդիպման սկզբում մասնակիցները ներկայացրին առաջին հանձնարարության կատարման ընթացքում առաջացած խնդիրներն ու դրանք հաղթահարելու համար կիրառած մեթոդները։ Ձևավորված 12 խմբերից 9-ը հաջողությամբ ավարտել էին իրենց հանձնարարությունը, և այդ խմբերի մասնակիցներն իրենց փորձով կիսվեցին տարբեր պատճառներով հանձնարարությունը չավարտած խմբերի մասնակիցների հետ։

Այնուհետև ՏԻՄ կառուցվածքի, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների լիազորությունների, բնակիչների մասնակցային մեխանիզմների վերաբերյալ մասնակիցների գիտելիքներն էլ ավելի ամրապնդելու համար կազմակերպվեց ՀաՄաՏեղ անիմացիոն ֆիլմերի դիտում-քննարկում, որից հետո ծավալվեց ընդհանուր քննարկում Մարտունի համայնքում առկա խնդիրների վերաբերյալ։ Մասնակիցները բարձրաձայնեցին տարբեր խնդիրներ, որոնցից ամենաշատը քննարկվողներն էին՝

  • Բակերում նստարանների բացակայությունը
  • Ժամանցի վայրերի, մասնավորապես՝ մանկական սրճարանների բացակայությունը
  • Համայնքի տարբեր հատվածներում ճանապարհային նշանների բացակայությունը
  • Աղբամանների սակավությունը
  • Փողոցներում գիշերային լույսերի բացակայությունը և այլն

Երկար քննարկման արդյունքում որոշվեց ավագանու անդամներին ներկայացնել մեկ՝ բոլորի կարծիքով առաջնային կարևորություն ունեցող խնդիր, այն է՝ Մարտունի համայնքի Կամոյի և Երևանյան փողոցների խաչմերուկում՝ ավտոկայարանին կից ճանապարհահատվածում գծանշանների բացակայությունը, որի պատճառով ստեղծվում է անկանոն երթևեկություն, ինչն էլ վտանգ է հանդիսանում հետիոտնի համար։

Հանդիպման ավարտին մասնակիցները ստացան իրենց երկրորդ հանձնարարությունը, որը բաղկացած է երկու առաջադրանքից՝

  • Մինչ ավագանու հաջորդ հերթական նիստը վերոնշյալ խնդիրը ներկայացնել իրենց ավագանու անդամին՝ նիստի ժամանակ այն բարձրաձայնելու նպատակով։
  • Կազմակերպել հանդիպում իրենց ավագանու անդամի և համայնքի բնակիչների միջև՝ հնարավորություն ստեղծելով վերհանել և ավագանու անդամին ներկայացնել համայնքի հրատապ խնդիրներն ու նպաստել դրանց լուծմանը։

Խաղն ընթանում է բնականոն հունով, և մասնակիցները, գիտակցելով խաղի կարևորությունը, պատրաստակամ են մրցել իրար հետ՝ իրենց համայնքում դրական փոփոխություն իրականացնելու նատակով։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website